Նախակրթարանի ծեսերի փաթեթ

Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է`ուսումնական «արարողակարգ»: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած: 

Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, որ ինչ-որ բան են սովորեցնում կամ թելադրում, այլ մարդիկ են, որոնք ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:
Ծեսի իրականացումն անարդյունավետ ու ինքնանպատակ կլինի, եթե այն չլինի կյանքով ուսուցում, որտեղ սանն ինքն է խաղում, բացահայտում, և այս ամենն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Ծեսի մասնակիցներն ինչպես նախապատրաստական, այնպես էլ իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:
Սանը, քայլ առ քայլ ազատ միջավայրում իր առօրյա գործունեությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, ակամայից յուրացնում է ծեսը: Բաց, թափանցիկ, ազատ միջավայրում, առանց անգիրի, առանց հատուկ մշակված, դերային բաժանում արած տեքստի՝ նրանք խաղարկում են ծիսական գործողությունները՝ երգելով, պարելով, թռնոցիներով, բակային և ազգային խաղիկներով, ուտեստներով, թավալվելով, ալրոտվելով և այս ամենը տեղափոխում տուն՝անմիջական մասնակիցը դարձնելով ծնողին։ Նախակրթարանում սանի համար ազգային-ավանդական ծեսի ճանաչման ամենաարդյունավետ ձևը խաղն է, այդպես ավելի տպավորիչ ու հասանելի է, հասկանալի, գործնական:

Նախքան ծեսի նախապատրաստությունը, դաստիարակների լաբորատորիան երաժիշտների, տեխնոլոգների հետ քննարկում է կազմակերպում, հավաքում տեղեկատվություն տվյալ ծեսի մասին, և կազմում են աշխատանքային նախագիծ, որը հրապարակվում է լաբորատորիայի և դաստիարակների բլոգներում: Սեմինարների ժամանակ յուրացնում են ծեսը և իրագործում խմբերում: «Ծիսական» սեմինարներին մասնակցում են նաև ծնողները, որոնք ցանկանում են յուրացնել և տիրապետել ազգային ծեսերը:

Կարևոր աշխատանք է ծեսի մասին տեղեկատվության հավաքումը: Ծեսերին նոր կյանք տալու համար հարկավոր է նախ շատ լավ յուրացնել ավանդականը, ճանաչել այն միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք: Իհարկե, ծեսին նոր կյանք տալ չի նշանակում ակունքից բոլորովին հեռանալ, հնարավոր է հնի վրա կառուցել նորը: Այդ ժամանակ նաև բանահավաքչությամբ ենք զբաղվում. ծնողներից, տատիկ-պապիկներից ձայնագրում կամ գրառումներ ենք կատարում, հետաքրքիր սովորույթները, ավանդույթներն ուսումնասիրում, քննարկում ենք մասնագետների հետ և ներառում նախագծերի մեջ: Դրանք կարող են լինել մեզ դեռևս անծանոթ օրհնանքներ, խաղիկներ, հաշվերգեր, ասույթներ, ուտեստներ, հետաքրքիր ավանդույթներ, ինչպես նաև արդեն հայտնի ժողովրդական ստեղծագործությունների տարբերակներ, որոնք մշակում ենք և կիրառում: Դաստիարակը ոչ միայն հետազոտական, ստեղծական աշխատանք է կատարում, այլև դառնում է իր գործունեության նախագծողը, իրականացնողը և տարածողը: Նախագծի նպատակն է ծեսը դարձնել երեխայինը, և որ նա լինի ոչ միայն մասնակիցը, այլև փոխանցողը ու տարածողը:

Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • ծեսի նախապատրաստում,
  • ծիսակատարություն, որը ներառում է՝
    • ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր,
    • ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
    • ծիսական տիկնիկներ, կերպարներ,
    • ծիսական ուտեստներ և այլն։

Ծիսական երգերի, ոտանավորների, խաղիկների, թռնոցիների և պարերի ընտրության ժամանակ մեզ օգնում են երաժիշտները: Կրթահամալիրի ձայնադարանըՄարինե Մկրտչյանի բլոգը մի մեծ գանձարան է, որից օգտվում ենք բոլորս:

Ծիսական ուտեսների հարցում շատ օգնում են սաների տատիկները։ Նրանք մեծ ոգևորվածությամբ մասնակցում են բոլոր ծեսերին:

Ծիսական տիկնիկներ։ Բոլոր ազգային ծեսերն առանձնանում են իրենց ծեսին հատուկ տիկնիկներով: Այդ ընթացքում մեր ձեռքերով պատրաստում ենք տիկնիկներ, ցույց տալիս դրանց դերը ծեսի ժամանակ: Դրանցից են՝ Անձրևաբեր տիկնիկը, Ակլատիզը, Ուտիս տատը, Նոզայի տիկինիկը, Ծաղկամայր տիկնիկը… Ընտրելով, հայթայթելով համապատասխան նյութեր՝ ստեղծում ենք մեր իսկական՝ ծիսական տիկնիկները, որից հետո խաղում ենք մի մեծ խաղ-ծիսական ներկայացում: Չորացած ճյուղերով պատրաստում ենք կախարդական զատկածառեր, մոմլաթե տոպրակներով՝ տարբեր կերպարներ և իրեր, որոնք կօգտագործեն առօրյայում, փայտե և այլ թափոններից զանազան շրխկաններ և այլն։ Աննկարագրելի մի զգացողություն է պատում երեխային, երբ նա ունենում է տիկնիկ ոչ թե խանութից գնած, այլ հենց իր ձեռքերով ստեղծած: Նա ստեղծում է իր պատկերացրած, երևակայած, իր ուզած համազգեստով և գույներով, իր հեքիաթի տիկնիկը: Ստեղծում ենք նաև հեքիաթների հերոսներին պլաստիլինից, կավից, ձեռնոցներից, գուլպաներից ու գեղեցիկ հեքիաթի բեմադրություն խաղում, որից հետո կազմակերպում ենք ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև նվիրում մեր գործընկերներին:

Այսպես են դաստիարակը, սանը և ծնողը տիրապետում ազգային ծեսերին, սովորույթներին, ազգային-ավանդական պարերին։

Նախակրթարանում իրականացված ծեսերի փաթեթ՝

  • Ատամհատիկի ծես
  • Խաղողածես
  • Ղափամայի ծես
  • Լավաշթխիկի ծես
  • Ծննդյան ծես
  • Համբարձման ծես
  • Վարդավառի ծես
  • Ամանորի ծես. Ավետիսներ
  • Տյառնընդառաջի ծես
  • Զատկածես
  • Մայրիկատոն
  • Բարեկենդանի ծես
  • Թթուդրիկի ծես
  • Հարիսայի ծես

Ծիսական նյութերի փաթեթ`

Թողնել մեկնաբանություն