Նախագծային այց Ծաղկունքի բաց դպրոց

03.03.2022, ժամը՝ 9։15 նախագծային խմբով գնացինք դեպի Ծաղկունքի բաց դպրոց-հիմնադրամ։ Ճանապարհին մաքրեցինք Գագարին ավանի տարածքը և շարժվեցինք դեպի Ծաղկունքի բաց դպրոց։

Սրահում տիար Բլեյանը ներկայացրեց բոլորիս, և յուրաքանչյուր խումբ գնաց՝ իր նախագծային խմբով աշխատելու։ Կամավորական Անի Ղազարյանի հետ հեռավար աշխատել էինք, միասին քննարկել ատամհատիկի ծեսի նախագիծը և տեղադրել Անի Ղազարյանի բլոգում: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Ծաղկունք բաց դպրոցի ծնողական համայնքի և կամավորական աշխատող Անի Ղազարյանի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ ատամհատիկի ծեսին ընդառաջ։ Ծնողական համայնքի հետ կաշխատենք հեռավար և առկա միջավայրում, ընտանեկան նախագծերը բազմատեսակ են առաջիկա ֆիլմերից կծանոթանաք Ծաղկունքի՝ 2020-2021թթ. ծնված ատամհատիկների հետ, որը կշարունակվի քնի ծեսով, նանիկներով, «Ես կարողանում եմ», ստուգատեսով. լողացնելու ծեսով, թռնոցիներով, չոչի ծեսով և այլն։

Ծաղկունքի ծնողական հավաքից հետո հայտնվեցինք 5տարեկանների խմբասենյակում և միանգամից ազատվեցինք աթոռ-սեղաններից, ու միջավայրում տարածվեց սեբաստացիական ազատ ու թափանցիկ, ուրախ ու խենթ մթնոլորտը։ Սկսեցինք «Տիկնի պսակ» հարսանեկան ծեսով, որին անմիջական մասնակից դարձան նաև ծնողները։ Մնացածը վայելեք ֆիլմով։

 

Վիկտորիա Հակոբյանի և խոհարարական խմբի պատրաստած անմահական ուտեստները բոլորիս համախբեցին սեղանի շուրջ։ Մոտ 35սովորող և աշակերտ սնվեց և երջանիկ ու կուշտ հայացքով վայելեցինք Ծաղկունքի բաց դպրոցի և սեբաստացի 12-րդ դասարանցիների «Ցտեսություն-ցնծություն» նախագծով Արշակ Գասպարյանի և Լիլիթ Յախինյանի համատեղ ուժերով բեմադրած ավարտական վալսը։ Շշմելու համերաշխ ու խաղաղ, ընկերական միջավայր։

 

Դրական լիցքերով ու տպավորված վերադարձանք, բայց վերադարձի ճանապարհին կանգառ ունեինք դեպի Դդմաշենի եկեղեցի, որտեղ էլ մեր աղոթքը բարձրացրինք առ Աստված, որ խաղաղություն ու համերաշխություն տիրի աշխարհում , որ ոչ մի մանուկ, ջահել ու ահել չանցնի պատերազմի միջով։ Թո՛ղ լինեն սիրով և համերաշխությամբ լի բոլոր օրերը և խաղաղ գիշերները։

Լուսանկարը` Լիլիթ Յախինյանի

Թողնել մեկնաբանություն