Ի՞նչ կլիներ, եթե…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շատ հաճախ ենք խաղում Ռոդարիի հնարքներով՝ «Ի՞նչ կլիներ, եթե…», և ստանում բազում երևակայական պատասխաններ սաներից:  Ռոդարին  (գիրքը կարող եք բեռնել մեդիագրադարանից) միշտ մեր խենթ մոլորակում է, մեր կենդանի ապրումի գործուն աջակիցն է: Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր: Ռոդարիի ստեղծագործությունները ձևավորում են ստեղծագործելու, երևակայելու հմտություններ, կարողություններ: Խոսելով հեղինակային կրթական ծրագրի մասին, որի հիմքում ստեղծականությունն է, հնարավոր չէ չանդրադառնալ 20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիին, նրա «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկին, որն ստեղծագործական հնարների մի ողջ զինանոց է առաջարկում: 

Վերջերս էլեկտրոնային տարբերակով կարդացի «Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկի մշակումը Մարիետ Սիմոնյանի կողմից, և շատ հարցեր, երևակայական ու ստեղծական մտքեր ծագեցին։ Փորձեցի շարադրել մտքերս, քննարկել  դաստիարակների հետ և իրականացնել՝ յուրաքանչյուրի ստեղծական և երևակայական միտքը արթուն պահելով։ Յուրաքանչյուրը պիտի բացահայտի ինքն իրեն, իրականացնի այն մտքերը, որոնք երբևէ ունեցել է, քանի որ հեղինակային մանկավարժությունը հենց դա է, հեղինակային մանկավարժությունը ճախրանք է սիրում, սիրում է թափառել ու գտնել նոր լուծումներ, նոր ուղիներ, այդ ամենն իրագործել և տարածել։ Տարածումից հետո էլ այն նորանոր զարգացումներ է փնտրում։ Դա մի  անվերջանալի շղթա է, որն անընդհատ երկարում է ավելի մեծ կամ փոքր օղակներով։

Երևի բոլորն էլ փոքր տարիքում երազել են հագնել մայրիկների կամ հայրիկների հագուստները, դնել զարդերը, ակնոցները։ Իմ ամենալավ ու սիրելի խաղերից  մեկն էր գյուղ գնալիս  բացել տատիկիս սնդուկը, գտնել նրա ճակտոցները, զարդերը, արծաթյա քամարները, զարդարվել դրանցով և ներկայանալ իբրև Մարգարիտ (տատիկիս անունն է)։ Հատուկ խնամքով էր այդ ամենը դասավորած սնդուկի մեջ, որը բացելուց, հիշում եմ, երկար նայում էի, թե որ իրը որտեղից եմ հանում, որ հետո նույն հերթականությամբ տեղավորեմ իր տեղում։ Մինչև հիմա հիշում եմ այդ փայտե սնդուկի հոտը, երկաթե կողպեքը, որը երբեք չէր կողպվում, բայց, միևնույնն է, կախած էր սնդուկից։ Մտածեցի՝ ինչ կլինի, եթե այդպիսի մի զգեստապահարան կամ սնդուկ լինի խմբերում, որ ցանկացած պահի սաները զգեստափոխվեն, յուրաքանչյուրը մտնի իր երազած կերպարի մեջ՝ հագնի մեծերի հին շորերը, կոշիկները… հավես ստեղծական, խաղային միջավայր կլինի։ Առաջարկեցի  զարգացնել այս ամենը՝ վերածելով տիկնիկային թատրոնի (հենց սաներն ընտրեն ու կերպարանափոխվեն, խաղան ներկայացումը՝ ապրելով իմացումի հրճվանք):  Դաստիարակները կարող են սկսել պրպտել, նայել մեկը մյուսի փորձը, զարգացնել և ներկայացնել յուրովի՝ հաշվի առնելով սանի կարծիքը, որ շատ բան կարող է հուշել կամ թելադրել դաստիարակին։ Պետք է պարզապես ուշադիր կողքից հետևել, գրառել ամեն ինչ, վերածել խաղայինի։ Ժամանակի ընթացքում կարող են ստեղծվել շրջիկ թատրոններ, հեքիաթների շիլաշփոթ, սաները կարող են վերածվել կենդանի տիկնիկների, կազմակերպել հին իրերի, շորերի, կոշիկների ցուցահանդես։ Այսպիսով միջավայրը սաների նախաձեռնությամբ կկենդանանա ու կհարստանա, իսկ ստեղծագործական գործընթացում կպահպանվի խաղային, ուրախ, մարզական, զվարթ ու խենթ մթնոլորտը։

Նոյեմբերի սկզբին՝ սեբաստացու տոներին ընդառաջ, 2-4 տարեկանների խմբերը կազմեցին իրենց անհատական աշխատանքային նախագծերը, և սկսվեց ռոդարիական խառնաշփոթ  խմբասենյակներում, ընտանիքներում, մոտակա այգիներում և բակերում:  Բայց դա չի նշանակում, որ  ռոդարիական հնարքներով աշխատելը միայն  այդ օրերի անելիքն է:  Ռոդարին մեր մշտական «գործընկերն» է, կենսական կաևոր աղբյուրը: է՛լ հեքիաթ հորինեցին քթի ու դիմակի մասին, է՛լ խոհանոցային իրերով նվագարաններ ստեղծեցին… Գիտե՞ք՝ շերեփն ինչ հետաքրքիր  խաղալիք կարող է դառնալ…շրխկան, խաղալիք, գործիք, կերպար, չափիչ… Խոհանոցը կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ կարող է «խոսել» և «երգել»… Բա Թթուդրիկի ծեսի բանջարեղենային կերպարնե՞րը… Ո՞վ է ասում, որ տիկնիկային ներկայացումը միայն տիկնիկներով է լինում, կամ էլ՝ կաղամբը, գազարը ու մնացած բանջարեղենը  տիկնիկներ չեն…

Մի օր  թարս հարցերով խաղալիս հարցրեցինք՝ կուզե՞ն շորերը թարս հագնել կամ մեծերի շորերը հագնել: «Այոոոո՛»,- անչափ  ուրախացան երեխաները: Որոշեցինք փորձել: Ամբողջ օրը խմբում տոն էր․ հանում ու հագնում էին նայում հայելու մեջ և ծիծաղում ու հրճվում: է՛լ կենդանի կերպարներ դարձան, է՛լ թարս ու շիտակ, մեծ ու փոքր շորիկներ հագան։ Ի՜նչ ասես խաղացին, խմբասենյակը վերածվել էր թատրոնի,  խանութի ու  գեղեցկության սրահի: Խենթությունները շարունակվեցին զրույցներով, հարց ու պատասխան-խաղիկներով…
Շրջապատող աշխարհը հասկանալու և միջավայրին հարմարվելու փորձերում երեխաներն օգտագործում են իրենց երևակայությունն ու խաղը: Նախ՝ դրանց միջոցով երեխաները հետազոտում են իրականությունը, այսինքն՝ իրենք իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կլիներ, եթե…», «Ինչո՞ւ լեզուն բերան ունի…», «Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն…», անվերջ թարս հարցեր:  Ջա˜ն, երբ մարդն ազատ է մտածում, միտքն  ուր ուզի՝ կգնա, որտեղից՝ որտեղ…

Հին շո՜րհին կոշի՜կ
_Ա՛յ ծերուկ, ճերմակ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
-Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
-Հետոոո՞…

-Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
-Հետոոո՞…

Ստեղծվեցին ռոդարիական խաղ-թատրոններ, խաղադարաններ, շրջիկ թատրոններթարս հեքիաթներ, մատիկաթատրոնոտիկաթատրոն, հեքիաթների շիլաշփոթ, ռադիոհեքիաթներ, հեքիաթագրքեր, որոնք  վաճառվեցին  «Հոգատար եղի′ր» նախագիծ. ցուցահանդես-վաճառքի ժամանակ, իսկ հասույթը փոխանցվեց «Սեբաստացի» կրթական հիմնադրամին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։

Հյուսիսային դպրոց-պարտեզի դաստիարակ Արմինե Եղիազարյանն սկսեց մի հետաքրքիր նախագիծ։ Հյուսիսի սաները մի օր գրքի պատառոտած  ծվեն էին գտել պահարանից, ամեն մեկը դեպի իրեն էր քաշել, թե՝ իրենն է։ Պայմանավորվեցին, որ քնի ժամին հերթով պիտի ընթերցեն: Երբ քնի ժամին  սկսեցին ընթերցել․․․։ Զարմացա՞ք, այո՛, ընթերցել, իսկ ո՞վ է ասել, որ ընթերցելու համար տառերը սովորել է պետք, բա ո՞ւր մնաց երևակայաելու, հորինելու, ստեղծագործելու միտքը։ Սանը հորինում է  ամենահետաքրքիր, ամենաբարի և ամենատարբեր լուծումներով հեքիաթները, որից մենք՝ մեծերս, լսելու և սովորելու շատ բան ունենք, պարզապես պետք է ականջալուր լինել և թողնել՝ սանը բլբլա՝ ինչքան ուզի և ինչպես ուզի։ Այսպես է՝ ամեն մեկն իր համն ու հոտը, միտքն ու ցանկությունն է տալիս հեքիաթին։ Սաներն իրենց սիրելի հեքիաթները խառնեցին՝  «մի տող՝ ես, մի տող՝ դու» սկզբունքով, ու  ստեղծվեց հավես նախագիծ։ Բայց սա վերջը չէ։ Շարունակությունը մտավ ընտանիք ու լայն տարածում գտավ: Ամեն գիշեր մայրիկի, տատիկի, քույրիկի կամ ընկերոջ համար հեքիաթ հորինել-ընթերցելը դարձավ կարևոր մի աշխատանք-խաղ, և ստեղծվեցին մեկը մեկից հետաքրքիր և հավես ընտանեկան հեքիաթ-բլբլահորինուկներ՝ իրենց ստեղծած նախաբանով և վերջաբանով: Ուշադրություն դարձրե՛ք ընթերցելու ընթացքում նրանց վարպետությանը, թատերական խաղին, դեմքի միմիկաներին, հայացքին․ խենթանալ կարելի է․․․
 Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել. բլբլում են Արևմտյան դպրոցի բզեզիկները: Իսկ Քոլեջի  նախակրթարանի՝ 2 տարին նոր բոլորած երկվորյակները  հետաքրքիր լեզվով են միմյանց հետ շփվում, էնքան էլ լավ են հասկանում իրար․ նրանք  ռոդարիերեն են խոսում, այդ լեզուն կոչվում է… հիշո՞ւմ եք… սակալա-պակալա: Էլ ո՞վ գիտի այս լեզուն։ Ընկերները սեբաստացի Դավթի  հետ սկսում են հորինել նոր լեզու և հրճվել, ջղայնանալ ու ներկայանալ այդ լեզվով: Սա նոր գործունեության նոր՝ ռոդարիական-այընտրանքային հնարք է, որտեղ դերերով փոխվում են դաստիարակն ու սանը, ու նրանց միանում է Ռոդարին (ստեղծագործական երևակայությունը):
Երբ սաների վազվզոցը կրկնօրինակում է դաստիարակը, սաների համար դառնում է «չի կարելի», բայց սեբաստացի դաստիարակներն այդկերպ խաղում են՝ փորձելով երեխային, սպասելով նրա արձագանքին։ Դաստիարակների՝ հացի խմորով խաղալը ջղայնացնում է սաներին, իսկ դաստիարակներն էլի փորձում են սաներին։ Ա՜յ, հաջորդ անգամ կարելի է ծնողների հետ դերերով փոխվել և հետևել ընթացքին։

«Երեխայի համար հեքիաթը խաղի պես լուրջ գործ է:Դա նրան պետք է կողմնորոշվելուիրեն ուսումնասիրելուիր հնարավորությունները չափելուգնահատելու համար»ՋՌոդարի

Ռոդարին պնդում է, որ երեխաների հետ պետք է խոսել ինչպես չափահասների հետ,  ազատություն, ինքնուրույնություն և սեփական «եսը» զարգացնելու հնարավորություն տալ: Խաղալը, պատմելը, նկարելը, ծեփելը, երգելը, մարզվելը ստեղծագործական աշխատանքներ են: Ստեղծագործելը՝ հորինելը, երևակայելը, մի առանձին գործունեություն չէ, այն ամբողջական է՝ միահյուսված մեկը մյուսի մեջ:

Մանկական ստեղծագործական թատրոն
Նպատակը՝ երեխայի զարգացում։
Խնդիրները`

Թատրոնը երեխայի կյանքին միախառնված մեծ խաղ է՝ բաժանված երկու մասի՝ դերային և սցենարային: Սցենարից հետո դերային բաժանումն է, որտեղ  ամեն մեկն իր դերն է ընտրում և խաղում: Հենց այդպես էլ ստեղծվեցին մեր շրջիկ թատրոնները:

Հեքիաթները միախառնվեցին, ստեղծվեց հեքիաթների շիլաշփոթ, որտեղ աղվեսը հանեց  ծտի փուշը և թոնիրը վառեց, ծիտը չարչուց խնդրեց պոչը, որ կցի, կցմցի, գնա, ընկերներին հասնի, աքաղաղի փոխարեն կտուրը բարձրացավ շունը և այլն: Ահա՛ և իրականություն դարձան շրջիկ թատրոնները՝ մատնաթատրոններովստվերաթատրոններովոտիկաթատրոններով, մնջաթատրոններով, տիկնիկային թատրոններով, նաև հայելաթատրոնով, որտեղ սանը, միայնակ հայելու առաջ կանգնած, պատմում է հեքիաթ և դրան ավելացնում մարմնի շարժում, դեմքի միմիկա։ Այս ամենի անմիջական մասնակիցն է դառնում նաև դաստիարակը՝ միանալով խաղ ներկայացմանը, ներառելով ամբողջ խմբին: Մի դեպքում սաների մի մասը հանդիսատես է, բայց հարց ու պատասխանով ներառվում է խաղի մեջ, մեկ այլ դեպքում՝ հակառակը, ու այդպես պարբերաբար փոխվում են դերերը և մասնակիցները: Բոլոր տիկնիկները պատրաստվում են խմբասենյակ-լաբորատորիաներում: Երգերը, ոտանավորները, ասիկները, թռնոցիները նույնպես ներառված են տիկնիկային թատրոնի մեջ և ընդգծված գույն ու հրճվանք են ավելացնում:

Ինձ համար «Թատրոն-խաղ-կյանք» սկզբունքը շատ ընդունելի է և կարևոր: Դա հորինող երեխային օգնում է ընդլայնել մտահորիզոնը:

«Առաջին իմպրովիզացիաներից հետո, որպեսզի խաղը «չսառչի»,  պետք է ինչոր բանով այն հագեցնելհարստացնելԱզատությունը «տեխնիկայի»աջակցության կարիքն ունի»Ջ.Ռոդարի 

Ստորև ներկայացնում ամփոփումները 2022թ
Ամփոփում 2023թ. 2-4 տարեկաններ 
Ամփոփում 2023թ. 5 տարեկաններ

«Եթե ցանկանում եք մտածել սովորեցնելապա նախ և առաջ հորինել սովորեցրեք»ՋՌոդարի

Ռոդարիական նախագծերը շարունակվում են։ Ընթացքում կանրադառնանք նաև այլ ռոդարիական լուծումների։ Շարունակելի…

Հոդվածում տեղ են գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարեկանների խմբերի դաստիարակների նյութերը։

Թողնել մեկնաբանություն