Օրը՝ նախակրթարանում

Օր նախակրթարանում
2022թ. մայիսի 27, սպասված, կայացած սիրուն օր, շնորհակալ եմ բոլորին։
Առավոտյան ժամը՝ 8։50-ին սեր-ծնողական համայնքը և դաստիարակների խումբը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էին։ Ամենուրբաթյա ժամերգության պատասխանատուն այս անգամ ծնողական համայնքն ու դաստիարակներն էին։ Ժամերգությունն սկսեցինք տերունական աղոթքով։ «Ես մեղավոր, մի ուխտավոր» ծնողական համայնքի կատարմանը հաջորդեց դաստիարակների «Տեր ողորմեա»-ն, և միասնական շարականները կատարելուց հետո սկսվեց շրջայցը։

Առաջին կայանը Հյուսիսային դպրոցի ներկայացումն էր՝ ներս ու դրսով, առավոտյան ծես, ինքնասպասարկում-ինքնուրույնություն։ Մեզ էին միացել «Քայլ առ քայլ»-ից շատ սիրելի Մարինե Մկրտչյանը և Աշխեն Գյուրջինյանը։ Միասին մասնակցեցինք հեղինակային կրթական ծրագրի ուսումնական միջավայրին՝ բաց, թափանցիկ և հասանելի յուրաքանչյուրին։ Հաջորդ դրախտավայրը Արևելյան դպրոցն էր իր՝ Նառա Նիկողոսյանով, ով ներկայացրեց կրտսեր դպրոցի և պարտեզի առավելություններն ու հնարավորությունները, իսկ բակում ծնողական համայնքը ներկայացավ իր՝ «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ» նախագծով։ Հյուրասիրություն ծնողների կողմից, թաց, գունեղ մռութիկներ լողավազանի տարածքում։ Ապա մեզ արդեն գրկաբաց դիմավորեց Տաթև Բլեյանը Համբարձման ծեսով։ Մեզ միացան նաև «ԿԶՆԱԿ» հիմնադարամից Աննա Ամիրջանյանը, Նունե Ավետիսյանը, Մարինե Մանուկյանը։
Միասնական երգ ու պարով սկսեցինք շրջել Քոլեջում՝ Ջերմոց-լաբորատորիա,Գինու և խաղողի դպրոց, Կարի արհեստանոց, Թերեզա Թումանյանի քանդակի լաբորատորիա։ Ապա հյուրատանը սեղանի շուրջ սկսվեց քննարկում-զրույց մեր գործընկերների հետ։ Միմյանց հրաժեշտ տվեցինք՝ նորից հանդիպելու և հետագա գործընկերության շարունակելու համագործակցելու նպատակով։ Մենք բաց ենք, ազատ և հասանելի՝ համագործակցելու և հեղինակային էս հավես մանկավարժությունը տարածելու համար։ Շնորհակալ եմ սեբաստացի հզոր թիմին՝ միասնական այս սիրուն օրը վայելելու համար։
Իսկ օրն ավարտեցինք շշմելու Ուրբաթ- համերգով, որի պատասխանատուն ծնողական համայնքն էր՝ իր դաստիարակներով։ Շնորհակալություն Սյուզի Մարգարյանին, Լաերտ Գրիգորյանին, Տիգրան Զուրաբյանին և ծնողական համայնքին։

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրում

Թողնել մեկնաբանություն