Դեպի Թեժառույք

Նորից դաստիարակների լաբորատորիա, «Նռանե» պարային համույթ, հունիս 11. 2022թ ։ Նախագիծը՝ Տիգրան Զոհրաբյանի, Լաերտ Գրիգորյանի ու 20 խենթ ու խելառ դաստիարակների։ Այս անգամ Կոտայքի մարզ՝ դեպի Թեժառույքի վանք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում։
9։00 երգ ու պարով շարժվեցինք ։ Իրար օգնելով՝ խինդ ու ծիծաղով հաղթահարեցինք բարձունքը, ու ինչ՝ հայտնվեցինք հեքիաթային կանաչ դրախտավայրում, որտեղ վեհ կանգնած էր Թեժառույքի վանքը։ Փորձում ես հասկանալ՝ հեքիաթո՞ւմ ես հայտնվել, թե՞ իրականություն է։ Շնչահեղձության աստիճանի շշմելու, սիրուն մի վայր, որտեղ լսվում է թռչունների սիրուն երգը՝ միահյուսված ծառերի խշխշոցին, ու փորձում ես անհագ շնչել ու վայելել բույրը՝ խենթահան անող։ Ոչ մի օծանելիք չի փոխարինի բնության հոտին։ Սկսում ես արագ-արագ վայելել։ Անգամ չկարողացա նկարել, քանի որ ուզում էի առանց հեռախոսի էկրանի նայել շուրջբոլորս ու զգալ բնության տված էներգիան, ագահաբար հավաքել, որ հետ բաշխեմ։ Ամենահզոր սթրեսաթերապիան՝ առանց դեղորայքի, անվճար ու անսահմանափակ։ Պառկի՛ր, սիրի՛ր հողն ու խաղաղվի՛ր։ Բնության գրկում կորցնում եմ ինձ ու նորից վերածնունդ ապրում մաքուր ու սիրուն էջից, խաղաղ, մեղմ ու մաքրամաքուր։
Դե ինչ, վերադառնամ մեր ճամփորդությանը։ Թեժառույքում տերունական աղոթքով սկսեցինք շարականներ կատարել, լուսանկարվել և ճանապարհ ընկնել։ Բայց, արի ու տես, որ մեզ դիմավորեց կարկտախառն անձրևը. կարծես օծում էր մեզ։ Մազի ծայրից մինչև ոտքի ծայրը թաց ու ցեխոտ, բայց երջանիկ ու շնորհակալ՝ իջնում ենք բարդ, անանցանելի թաց ճանապարհը։ Դե եթե Սեդան մեզ հետ է, ուրեմն՝ ապահովում է ուրախ միջավայր։ Ճանապարհի մի մասը Սեդան անցավ նստած՝ սահելով ցեխաշաղախ արահետով։ Որոշել էր նախագիծը սկսել հենց այստեղ՝ ցեխաթերապիան սկսված է։ Ցեխոտ, թրջված մկների պես շտապեցինք մեքենան, զգեստափոխվեցինք ու սպասեցինք անձրևի դադարին։ Է՛լ երգեցինք, է՛լ պարեցինք, արևին կանչեցինք, չէ ու չէ. անձրևին դուր էր եկել մեզ հետ խաղալը։ Դե ինչ, Մեղրաձոր գյուղի դաշտերից մեկում կանգ առանք, ու քանի որ շատ սոված էինք, խարույկ վառեցինք, տաքացանք ու սկսեցինք համեղ ուտելիքներով սնվել։ Հաջորդեց մեկը մյուսից հետաքրքիր խաղերի շարքը։ Թափառեցինք դաշտերով, «Նռանե» պարային համույթն իր կատարումներով լցրեց դաշտերը ուրախ, կենդանի պարերգերով։ Հավաքեցինք, կարգի բերեցինք տարածքը և շարժվեցինք դեպի տուն։ Հագեցած սիրուն ու հավես շաբաթ էր՝ իր սիրուն մասնակիցներով ու նախագծի ղեկավարներով։ Շնորհակալ ենք այս վայելքի համար։ Կրթահամալիրը ստեղծում է պայմաններ ու էն հավեսը, որ միշտ ճամփորդես ու բացահայտես սեր Հայաստանը։

Պատմում են դաստիարակները

Ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի
Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի
Ֆբ-ի ուղիղ եթերը` Էլյա Գրիգորյանի

Թողնել մեկնաբանություն