Ապրիլ 2023

Նախակրթարանի օրացույց. ապրիլ

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Ապրիլի-3, 7, 10, 14, 17, 21, 24, 28-ի պարապմունքներ.  պարուսուցում, երգուսուցում   (Լաերտ Գրիգորյան, Մարինե Ոսկանյան)
  • Ապրիլի 6. 13, 20, 27-ի ․․․  ()

Փետրվարի աշխատանքային նախագծեր ըստ դպրոցների  

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ`

Հյուսիսային դպրոց պարտեզ`

Հարավային դպրոց պարտեզ`

Քոլեջ՝

Գարնանային պարտեզ  

Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակպարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ռադիո թողարկում 

Ընտանեկան նախագծեր

  •  «Քաղաքային թափառումեր»։
  • «Սեբաստացի ծնողների պատումները»։
  • «Մարզական ընտանիք»։
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
  • «Ծնողի օրագիր»։
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։
  • «Ձոն մայրիկի»  ցուցահանդես- ֆլեշմոբ
  • «Իմ պատշգամբը՝ ջերմոց-լաբորատերիա» նախագիծ։

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:  Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել: Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ  զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել  էր Մեծ պասին: Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո  բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:

Այս տարի Ծառզարդարը ապրիլի 2-ին է: Դրան հաջորդում է Զատիկը ապրիլի 9
Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:

Տոնին նախորդող շաբաթ

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք…Կարելի է խաղալ հարցուպատասխանովՄի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
  • Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝

Բնագիտական գործունեություն՝

  • Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում
  • 9:00-9:30 Տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում, եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • Բնագիտական հետաքրքիր տեղեկություններ են հավաքում ծառերի, անտառների մասին:
  • Բնագիտական փորձեր են կատարում, նկարագրում են փորձը:
  • Թաղարներ են ստեղծում:
  • Ածիկացան. Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին: Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
  • Ձվի հետ կապված փորձեր ու խաղերի փաթեթ:

Տեխնոլոգիա

  • Շրխկաններ, աղմկող` զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ են պատրաստում` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող»  այլ մանրուք լցնելով :
  • Նուրի, Ակլատիզ, Ուտիս սատի տիկնիկներ ենք պատրաստում:
  • Ծիսական ծառն ենք զարդարում չրերով, քաղցրավենիքով…:
  • Զատկածառ. Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ են բերում խմբասենյակ, զարդարում իրենց նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:
  • Ձուդատարկոցի.գնումներից հետո դատարկում ենք ձվերը և գունավոր թելերով զարդարում դատարկված ձվերը. պատասխանատու`ծնող
  • Զատկական օրացույց

Ռադիո Բլբլան

  • Նկարներ, լուսանկարներ, տեղեկություններ, մեկնաբանություններ, ռադիոլուրեր, հարցումներ, ուսումնասիրություններ՝ ինչ գիտեն շրջապատում Ծաղկազարդի-Զատիկի  մասին, նշե՞լ են, ինչպես են նշել:
  • Ռադիո. Զրույցներ  Ակլատիզ պապիկի հետ
  • Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ

Ծառզարդարի և Զատկական կերակուրների բաղադրատոմսեր    

  1. Առավոտյան խումբ են բերում ուռենու ճյուղերը, մոմեր, ձվեր, սիսեռ, չամիչ, շաքարի մանրուք, հալվա, փոխինդով պատրաստած հետաքրքիր ուտեստներ:
  2. Խոհանոցում պատրաստում են հատիկը: Լցնում են մեծ թասի մեջ և դնում սեղանին:  Սովորաբար 7 տեսակի հատիկ են եփել, որի ուտելը պարտադիր է. դա հաջողության, բերքի, պտղաբերության հատիկ է:
  3. Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:(Բանջարեղենի կրպակից  գնումներ անելուց հետո կհամտեսենք)
  4. Ծեսի ասիկներ և ոտանավորներ .Պատրաստում ենք զատկական տաղավար-բեմ

Ծառզարդար- Զատիկ ծես

Ծաղկազարդի օրվա մանկանց  ծիսական երթը

Սաների մի խումբ այցելում է խմբերից մեկին՝ Զատիկի ծեսի համար հատկապես ձվեր հավաքելու նպատակով: Ընդունող խումբը նախօրոք պատրաստում է հյուրասիրությունը՝ չներկած ձվեր, «հատիկ», քաղցրավենիք, ընդեղեն, խնձոր, և այլն: Խմբի սաների ձեռքերին կան ճյուղեր, կարկաչաներ, ճեռեր, փոքրիկ դույլեր: Նրանք դիմում  են տանտերերին.

  • Ծառզարդար, Ծառզարդար, ձեր տուն էկանք, Ծառզարդար:
  • Զարդ, զարդ, ծաղկազարդ, գարնան գովք ու զարդ, Ծաղկազարդ ու Ծառզարդար:

Ապա հերթով ասում են բարեմաղթանքներ, ինչպես նաև՝ մանկական «զգուշացնող, վախեցնող» հղումներ: Օրինակ՝

  • Ով մեր փայը տա` զիզի բարձին նստի:
  • Ով էլ չտա` չոր քարին նստի:
  • Ով մեր փայը տա` դալարի շեն մնա:
  • Ով էլ չտա` սլարի, մուկն էլ իրենց թթուն ընկնի:
  • Հատիկ տվեք էս օրվան, հավկիթ տվեք Զատկվան:

«Տանտերերը», որոնք նախօրոք պատրաստել են հյուրասիրություն, հերթով դնում են սինիների և դույլերի մեջ:  Երեխաներն էլ իրենց հերթին տանտերերին նվիրում են ուռենու օրհնված ճյուղեր, որոնց վերագրվում էր չարխափան, առատացնող զորություն:

Դրանցով մեկը թեթև խփում է մյուսի մեջքին և ասում.

  • Մեջքը տեղը, կամքը` տեղը:
  • Քամու տեղ, սրտի դեղ:
  • Թող բոլոր հիվանդություները մեզանից հեռու մնան:
  • Եվ այլն: 

Այլ օրինակներ.

  • Ով որ չտա իմ երկու ձուն,
    Մուկն ու կատուն` իրենց թթուն,
    Ով որ կտա իմ երկու ձուն,
    Աստված պահե իր փեսացուն:

Իմ կարմիր հավին հավկիթը դուրս բերեք,
Ով որ բերե` շեն մնա,
Ով չբերե` հավի փորին դեմ կենա:

Ով որ ընձի հավկիթըմ տա`
Աստված իրեն հազար թող տա:

Իրենց բաժինը ստանալով՝ օրհնում են «տանտերերին».

  • Օրհնվեք, յոթը որդով սեղան նստեք:
  • Հազար էսպես սեղան նստեք,
  • Ու ձեր մինը հազար դառնա,
  • Դռներդ միշտ բաց կենա,
  • Օջախներդ վառ մնա,
  • Էսպես առատ սեղաններ
    Ձեզնից ամեն մինն ունենա:

Զատիկ

Զատիկն ասել է. «Հենց գամ` արմանաս, հենց գնամ` զարմանաս»: 

Ուտիս տատի և Ակլատիզի հանդիպումը

Ուտիս տատի երգը.

  • Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
    Ամեն մարդու դեղ ունեմ,
    Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
    Բալիկներիս ախորժակի դեղ ունեմ:

Ուտիս տատը համոզում է Ակլատիզին, որ որքան էլ վերջինս ճիշտ է արել, որ թույլ չի տվել շատակերություն, անկարգություն, բոլոր դեպքերում մանուկը մնում է մանուկ, թող երբեմն անմեղ մանկական անկարգություն անեն, մի քիչ էլ շատ ուտեն, չէ՞ որ նիհարել են: Ակլատիզն արդարանում է, ասելով, որ չնայած նիհարել են, բայց առողջ են: Ուտիս տատն էլ հորդորում է, որ Ակլատիզը թաթախվի մածնի մեջ, ելնի կտուրը, թևեր առնի, թռչուն դառնա, թռչի, գնա:
Երեխաներից մի քանիսը մոտենում են Ակլատիզին, բռնում ձեռքերից ու տանում մի կողմ, որտեղ մի քանի երեխա շրջան են կազմել և դարձել «թաս», որի մեջ «մածուն» կա: Ակլատիզին մտցնում են շրջանի մեջ: Շրջանը փոքրանում է, Ակլատիզ — Խուլուճիկը կքանստում է: «Թաս» երեխաները ձեռքերը առաջ են բերում ու ծածկում են Ակլատիզին: Քիչ անց շրջանը բացվում է, Ակլատիզը թռչունի նման թևերը թափահարելով` հեռանում է:

Երեխաները բացականչում են.

-Չիք, չիք, Ակլատիզը չիք:
Մեծ պասն անցավ, գոլ էլավ, Ակլատիզը թոլ էլավ:

Ուտիս.

-Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց.

Բոլորը.

Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Մեզ և ձեզ մեծ ավետիս:

Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին:
Ճղճղալեն անուշ-անուշ:

Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրին եկե˜լ է:
Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:

Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:

  • Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Մարիամ խաթուն

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
-Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Ակլատիզ

Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է
-Ակլատիզը փետելով
Զատիկը շուտ չես բերի:

Զատկական երգերի փաթեթ

Խաղեր կարկաչայով

ա. «Անձրև»

Կարկաչաներով սկսում են կամաց շրխկացնել -անձրևը նոր է սկսվում:
Հետզհետե  ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:
Շրխկոցներին միանում են ոտքերի հարվածները — անձրևը շատ ուժեղ է:
Ոտքերի հարվածները դադարում են, կարկաչաները հետզհետե մեղմացնում են շրխկոցները: Քիչ անց անձրևը դադարում է: Շարունակում են միայն կլթկլթացնել լեզվով` հետզհետե դանդաղեցնելով ու կամացացնելով:

բ. «Կարկաչա»

Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը պահում  կրծքի ուղղությամբ, արմունկները ծալած, ձեռքերի ափերը նայում են իրար: Երեխաները ձեռքերը այդ դիրքով մոտեցնում են իրար: Նրանցից մեկի ձեռքը հայտնվում է մյուսի ձեռքերի մեջտեղում, իսկ մյուս ձեռքը «նայում» է դիմացի երեխայի ձեռքի հակառակ երեսին:

— երեխաներից մեկը ծափ է տալիս՝ ափերի մեջ առնելով դիմացի երեխայի ափն ու հակառակ երեսը.
— նույնն անում է մյուս երեխան:

Խաղում են «Կարկաչա» երգի ուղեկցությամբ` երգի ռիթմով:
Կարելի է խաղալ նաև այլ ռիթմիկ երգի կամ երաժշտության ուղեկցությամբ կամ առանց երաժշտության:

գ. «Ձվերն ու կարկաչաները»

  • Երեխաները բաժանվում են ձվերի ու կարկաչաների:

Ձվերն ընտրում են իրենց համար գույներ: Երեխաները որոշում են, թե ինչ ռիթմով և ուժգնությամբ պետք է շրխկացնեն յուրաքանչյուր գույնը: Հերթով առաջ են գալիս ձվերը, կարկաչաների խումբը, հիշելով գույնի համապատասխան ռիթմը, շրխկացնում է: Խաղի ընթացքում դերերը կարող են փոխվել:
Կարելի է խաղալ նաև հակառակ հերթականությամբ: Կարկաչաների խումբը շրխկացնում է որևէ գույնի ռիթմիկ պարկերը, ձվի համապատասխան գույնն առաջ է գալիս և, շարունակվող ռիթմի տակ, կատարում ռիթմիկ շարժումներ:
Ամեն անգամ խաղալիս ըստ ցանկության կարելի է փոխել գույների ռիթմիկ կառույցը:
Բացի կարկաչաներից կարելի է օգտագործել այլ շրխկաններ, ինչպես նաև «բնական» հարվածային ձայներ:

  • Խաղ ուռենու օրհնված ճյուղերով

Երեխաները դանդաղ, հանգիստ քայլերով, ուռենու ճյուղերը գլխավերևում ճոճելով, գալիս են ու շրջանով պտտվում: Ընթացքում կազմում են զույգեր: Շրջանը ուղիղ գծով շարվում է, զույգերը դառնում են դեմքով իրար` երկու քայլ իրարից հեռու և ճյուղերով կազմում կամար: Վերջին զույգը անցնում է կամարների տակից և, առաջանալով, կանգնում շարքի դիմաց  նախկին դիրքով: Նույնը կրկնում են մյուս զույգերը: Վերջին զույգի անցնելուց հետո, քիչ-քիչ հեռանալով, կազմում են շրջան ու, թևերը կռունկների նման հանգիստ թափահարելով, շրջանով պտտվում: Այդ ընթացքում մի քանի երեխա հանգիստ զնգացնում են զանգակները, շրխկացնում կարկաչաներն ու փայտիկները: Նրանք կամ կանգնած են կամ էլ նույնը կատարում են մյուսների հետ:

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը

Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: 2-5 տարեկանների դեպքում կարիք չկա մրցույթ կազմակերպել: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության  փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Ով դիպուկ կնետի Ակլատիզի փետուրը

Ակլատիզի փետուրի ծայրին գնդիկ են ամրացնում և փորձում նետել նախօրոք գծված գծից այն կողմ կամ շրջանի մեջ: Կախված սանի տարիքից և ֆիզիկական կարողությունից, նետելու հեռավորությունը կարելի է կարճել կամ հեռացնել:

Անհաղթ աքլորը

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Ամենաուժեղ թռչունները

Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝ մրցակիցներով երկու կողմից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:
Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:
Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝ ձուն:
Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ սովորողների հետ:

Արագաշարժ թռչունները

Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը: Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով), կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:

Ճարպիկ թռչունները

«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ «թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում և դրա մեջ մասնակիցների թվից մեկով պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե, բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա, ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:

Արագակեր ձագուկը

Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը: Դպրոց-պարտեզում կերակրող մոր դերում կարող է լինել կրտսեր դպրոցի սովորողներից:
Հրահանգն առնելուն պես թռչնամայրերը մեկական ձու են վերցնում, արագ մաքրում, փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ ձագին կերակրում: Նա, ով արագ կերավ, հաղթում է: Ընդ որում, կերակրող մայրը ձագուկին իրավունք չունի պատառ առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում:

Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

Զատկական խաղերի հիմքում ընկած են Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքի «Զատկի տոնի ձվախաղեր» բաժնի խաղերը, որոնք ձևափոխված են և հարմարեցված 3-5 տարեկան սաների տարիքային խմբին:

Ավագ  շաբաթվա խաղեր

Մեծ պասին վերջին մեկ շաբաթը կոչվում է «Ավագ կամ Մեծ շաբաթ»: Այդ օրերին եկեղեցին հիշատակում է Հիսուսի երկրավոր կյանքի վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքը, խաչելությունն ու թաղումը: Սրան զուգահեռ հասարակ ժողովուրդն ուներ իր արարողությունների կարգը: Ավագ շաբաթվա օրերից յուրաքանչյուրն ուներ իր անունը և, ըստ այդմ, իր բնորոշ դեմքը:

Երկուշաբթին    ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային:

Երաժշտական  խաղ «Ջրաղաց»

Երեխաներից մի քանիսը դառնում են ջրաղացի պտտվող անիվ, ձախ ձեռքերը իրար ուսի վրա դնելով, թեթև, կամաց վազքով  պտտվելով, ռիթմիկ վանկարկում. «Գառ, գոռ, գուռ»: Նույն քանակով «ջուր» երեխաներ, մի փոքր հեռավորության վրա, իրար հետևից շարված, կանգնած են: Նրանցից յուրաքանչյուրը բռնում է անիվ դարձած երեխաներից մեկի աջ ձեռքից, իսկ ձախով ցուցադրում է անիվի պտտվելու շարժումը: Երեխաներից մի քանիսը կազմում են շրջան, դառնում «ջրաղացի քար» և մի փոքր հեռավորության վրա կանգնում: Երբ «ջրաղացի անիվը» սկսում է պտտվել, ջրաղացի քար դարձած երեխաները, ձեռքերն իրար ուսի վրա դրած, պտտվում են ու ռիթմիկ  վանկարկում. «Չախկ, չոխկ, չուխկ»` միաժամանակ ռիթմիկ հարվածելով ոտքերով: Քիչ անց ջրերն ու անիվը դառնում են ցորեն և մոտենում  ջրաղացքարին: Վերջինս  տեղում կանգնելով և շարունակելով վանկարկումը, մի տեղ է բացում ցորենի համար: Ցորենը, վանկարկելով «Թափ, թոփ, թուփ», մտնում է շրջանի մեջ: Ջրաղացքարը միանում և շարունակում է պտտվել: «Ցորեն» երեխաները ցուցադրում են ցորենի աղալը: Քիչ անց քարը նորից կանգնում է` չդադարեցնելով վանկարկումն ու քայլքը: Այս անգամ, վանկարկելով «Փառ, փոռ, փուռ», դուրս է «թափվում» ալյուրը:
Խաղի ընթացքում կարող են օգտագործվել համապատասխան  հնչողությամբ հարվածայիններ կամ շրխկաններ:

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն էր:

Խնոցին հա հարեմ

Խաղում են զույգերով: Երեխաներից մեկը թեթևակի շալակում է մյուսին ու, գոտկատեղից վերև ընկած հատվածով  ռիթմիկ առաջ ու հետ շարժում կատարելով, ասում.

Խնոցին հա հարեմ,
Շալակեմ՝ սար հանեմ:
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ,
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ,
Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

Կարելի է նույնն անել` ասելով.
– Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

«Խնոցի, հարոցի» – 1

Խաղում են.

ա. Երկուսով (ցանկալի է՝ դաստիարակները), յուրաքանչյուրը աջ ձեռքով բռնում է իր դաստակից: Կանգնում են իրար դիմաց, յուրաքանչյուրը ձախ ձեռքով բռնում է դիմացինի աջ  դաստակից: Նրանք դառնում են ճոճանակ: Մի փոքր երեխա նստում է նրանց ձեռքերին, իր ձեռքերով փաթաթվում նրանց վզին, իսկ նրանք տարուբերում են ու արտասանում կրկնակն ու առաջին տունը: Վերջին տողն ասելիս, իջեցնում են երեխային ու, ծափ տալով, ասում. «Տփեցի»: Ապա հերթով կարող են թվարկել ներկաների անունները, որնց կամ «տփում» են կամ՝ տալիս (տվեցի):

բ. Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով  խնոցու ետուառաջ  գնալ – գալու շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ շարժումով առաջ  ու ետ տանելով, ասում են.

կրկնակ.
Առաջինը – Խնոցի,
Երկրորդը – Հարեցի:
Միասին –   Հոփփը, լըփփը (կրկնում են  2 անգամ)
Զըմփը, դըմփը (2 անգամ)
Ծափը, ծըփը(2 անգամ)

  1. – Խնոցի,
    – Հարեցի.

Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:

  1. -Խնոցի, խնոցի,
    Գցեցի ու բռնեցի,
    Տարա – բերի` զարկեցի,
    Հրեցի, չխչփեցի,
    Հարեցի, հա, հարեցի,
    Դեղին կարագ հանեցի:
  1. – Խնոցի,
    – Հարեցի.
    Լըփը, ըփը, լըրընգա,
    Դե տար, դե բեր, տըրընգա.
    Թև տու, թև առ,
    Զըրընգա:

կրկնակ.-

Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի ավարտից անմիջապես հետո, երգում են  «Հարի, հարի, խնոցի» երգը:

  «Խնոցի, հարոցի» – 2

Երկուսով կանգնում են մեջք – մեջքի, թևերն հագցնում իրար մեջ: Նրանցից մեկը թեքվում է առաջ` մյուսին շալակելով ու ոտքերը գետնից կտրելով: Նույնն էլ անում է մյուսը: Խաղում են ռիթմի մեջ` ասելով.

  • Խնոցին հա հարեմ,
    Շալակեմ` սար հանեմ:
  • Խնոցին հա հարեմ,
    Շալակեմ` գետն անցնեմ:
  • Խնոցին հա հարեմ,
    Շալակեմ` դաշտ  տանեմ:
  • Խնոցին հա հարեմ,
    Կաթ ու մածուն կերցնեմ:

Կարելի է նույնն անել` ասելով.

-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

Չորեքշաբթի  հիմնովին մաքրել են տներըամեն վատչարպիղծհիվանդություն,  կեղտ «չիք են արել»:

Շուշեցի աղջիկները այդ օրը խաշխաշ հարելու քարը գետնին են քսել ու ասել.
Չիք, չիք, մուկը չիք,
Չիք, չիք, լուն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք,
Չիք, չիք, հիվանդությունը չիք,
Չիք, չիք, օձը չիք..

«Չիքչիք,  աղամ»

Խաղը կարելի է խաղալ.
ա. երկու խմբով,
բ. մեկը հարցնում է, մյուսը՝ պատասխանում,
գ. դաստիարակը, դասվարը, խաղավարը հարցերի միջոցով պարզում է՝ ի՞նչն է խանգարում սանին, սովորողին, ի՞նչը չէին ցանկանա, որ լիներ:

Առաջին խումբ – Չիք, չիք, ի՞նչը չիք:
Երկրորդ խումբ – Չիք, չիք, կծան շունը չիք:
Այսպես հարց ու պատասխանով խաղում և «չիք» անում (չքացնում, ոչնչացնում) այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող, չար:
Նույնը խաղում են` աղալով այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող:
Երեխաներից մեկը վերցնում է երկու հարթ քար, շրջանաձև քսում իրար և հարցնում.
— Աղամ, աղամ, ի՞նչն աղամ:
Երեխաներից մեկն ասում է.
— Վախկոտությունը:
Քարերը իրար շրջանաձև քսելով իրար, երեխան ասում է.
— Աղամ, աղամ, վախկոտությունն աղամ:
Վերջին բառերը կարող են ասել նաև խմբով:
Աղում և չիք են անում վախը, սուտը, աղբը, ցուրտը և այն ամենը, ինչի գոյությունը չեն ցանկանում:

Համբարձման տոնը նշվում է Հարության կիրակիից`Զատկից քառասուն օր անց: Պայմանավորված լինելով Զատկով՝ բնականաբար այն շարժական է՝ չնայած նրան, որ միշտ տոնվում է հինգշաբթի:

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողությունծաղկահավաքգովքվիճակ:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է:Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում Մայր բնությանը: Այն համընկնում է
    գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, հավաքում են բակը, ջրում խոտ ու ծաղիկ, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • 9:30-10:00 —Մարզական.«Բարև,ես …»+ռոդարիական մարզական խաղ
  • 10:00-10:30-ՆախաճաշԵս կարողանում եմ… (ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե գարնանային պտույտ մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  •  10։40-11։30-Բնագիտական գործունեություն: Բույսերի վերատնկում(բույսի ճիշտ տեղափոխումը թաղարից-թաղար ):
  • 11:30-12:00-Տեխնոլոգիա.
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, իսկ տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր:

Ծեսն իրագործում է Համբարձման նախորդ` չորեքշաբթի և հաջորդ` հինգշաբթի օրերին

  • Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել, և ծաղկաշղթաներ պատրաստելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:
  • Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու:
  • Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Այդ օրը օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են սար, հավաքում յոթ տեսակի ծաղիկ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։
  • Շաբաթվա երգեր՝  Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն», «Հե՜յ իմ նազան», «Վիճակի երգ», «Այ, արևը», «Հո՜յ, Մայրամ»,
  • Տեսադաս. «Համբարձում»
  • Վիճակի խաղիկներ-մանիներ
  • Շաբաթվա հեքիաթ-ներկայացում` Ջ.Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», Հովհաննես Թումանյան «Պոչատ աղվեսը»
  • Ռոդարի+Աղայան. ռադիո «Բլբլան»:
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
  • Այլընտրանքային նկարչություն
  • Բակային- ազգային խաղեր
  • Մարզական- ռոդարիական խաղեր

Թողնել մեկնաբանություն